ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 4

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 4
16.09.2025 | 12:14

Սկիզբը՝ այստեղ

Ռուս- ուկրաինական հակամարտությունը սրելու, խաղաղության հույսերը թաղելու հետևում Զելենսկու և, հնարավոր է, դարձյալ Արևմուտքի գլոբալիստների ականջներն են

Սեպտեմբերի 9- ի, լույս 10- ի գիշերը հենց Ուկրաինայի տարածքից մոտ 20 ԱԹՍ- ների օգտագործմամբ Լեհաստանի օդային տարածքի զանգվածային խախտումը, որն իրականացրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները կամ ԶՈւ-ն ավելի վաղ ձեռք բերած ռուսական անօդաչուների միջոցով (թե ինչպես են ձեռք բերել, նախորդիվ արդեն գրել ենք, չկրկնենք), ՌԴ- ի դեմ նախապես ծրագրված, որոշակի նպատակներ հետապնդող ու բավական վտանգավոր սադրանքի սոսկ մի մասն է:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը իրավիճակն անվանել է «աննախադեպ» և Մոսկվային մեղադրել սադրանքի մեջ: Չնայած Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին չի կարողացել ժխտել ու հաստատել է, որ ԱԹՍ- ները երկրի տարածք են թռել Ուկրաինայից, վերոնշյալ սադրանքից հետո ՆԱՏՕ- ն, օգտվելով վերջին իրադարձություններից, դրանք ծառայեցնելով որպես առիթ, Ռուսաստանի սահմանների մոտ սկսել է «Արևելյան ժամապահ» լայնածավալ ռազմագործողությունը: Միաժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքը և Եվրոպայի մի շարք պետություններն Կիևին լրացուցիչ սպառազինություն են տրամադրել ու խոստանում են տրամադրել:

Սեպտեմբերի 12- ին Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Վարշավան մտադիր է զարգացնել համագործակցությունն Ուկրաինայի հետ ԱԹՍ- ների հակազդեցության ոլորտում և խորհրդակցություններ անցկացնել ռազմական փորձագետների միջև:

Դեպի Երրորդ համաշխարհային տանող Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումն օպերատիվ կերպով պաշտպանել են ԵՄ ղեկավար կառույցները, իսկ ՆԱՏՕ- ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ- ը պատրաստակամություն են հայտնել պաշտպանել «դաշինքի տարածքի յուրաքանչյուր թիզը»: ՆԱՏՕ- ն Լեհաստանի խնդրանքով խորհրդակցություններ է նախաձեռնել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4- րդ հոդվածի համաձայն: Դաշինքը մտադիր է նաև ուժեղացնել օդային տարածքի անվտանգության ապահովման միջոցառումները։

Ռուս- բելառուսական զորավարժությունների ֆոնին Վարշավան հայտարարել է նաև Միութենական պետության հետ սահման մոտ 40 000 զինծառայող տեղափոխելու մասին, իսկ Գերմանիան ուժեղացնում է իր ներկայությունը ՆԱՏՕ- ի արևելյան թևում: Այս ընթացքում խստացվել է հակառուսական հռետորաբանությունը:

Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ- ի Նյու Յորքի կենտրոնակայանում արևմտյան գործընկերները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Ռուսաստանին մեղադրել են ԱԹՍ- ների միջոցով Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ: Փաստաթուղթը ստացել ՄԱԿ- ի անդամ պետություններից 46- ի, ինչպես նաև Եվրամիության պատվիրակության աջակցությունը: Ընդ որում, ՄԱԿ- ում ընդգրկված 193 երկրների մեծ մասը չի պաշտպանել ՌԴ-ի հասցեին մեղադրանքները։

Հայտարարության մեջ նշված է, որ Մոսկվայի գործողությունները գնահատվում են որպես «էսկալացիայի ակտ, սադրանք և միջազգային իրավունքի նորմերի ու ՄԱԿ- ի կանոնադրության խախտում»: Հայտարարությանը սատարած պետությունների ցանկում են ԱՄՆ-ը, Կանադան, Եվրամիության երկրները, Ուկրաինան, Վրաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և ուրիշներ: Միևնույն ժամանակ, ՄԱԿ- ի անդամ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի խոշոր պետությունների ներկայացուցիչները, նախընտրել են ձեռնպահ մնալ աջակցություն հայտնելուց: Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ պետություններ կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և չեն պաշտպանել Մոսկվայի հասցեին մեղադրանքները: ԱՄՆ- ը վճռականություն է հայտնել պաշտպանելու Լեհաստանի և ՆԱՏՕ- ի մյուս անդամների տարածքային ամբողջականությունը:

Անօդաչուների հետ կապված միջադեպից հետո ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է «Արևելյան ժամապահ» գործողության մեկնարկի մասին։ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում նա ընդգծել է, որ ագրեսիային հակազդելը և դաշինքի բոլոր անդամ պետությունների անվտանգության ապահովումը շարունակում են մնալ առաջնային խնդիրներ, իսկ արևելյան սահմանագծի ամրապնդումը դիտարկվում է որպես գործունեության առանցքային ուղղություն:

Գործողության շրջանակներում նախատեսվում է ավելացնել դաշինքի անդամ երկրների ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում։ Միջոցառումներին մասնակցում են Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ պետությունների զորակազմերը: Մեծ Բրիտանիան տրամադրել է «Eurofighter Typhoon» կործանիչներ, Ֆրանսիան երեք «Rafael» կործանիչ է ուղարկել, Շվեդիան հատկացրել է ավիացիոն տեխնիկա և հակաօդային պաշտպանության համալիրներ, Չեխիան օգնության է ուղարկել երեք Մի-17 ուղղաթիռ և մոտ հարյուր զինծառայող, Նիդեռլանդներն ուժեղացրել են իրենց խմբավորումը՝ ուղարկելով լրացուցիչ 300 զինծառայող, ինչպես նաև տեղակայելով հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության «Patriot» համակարգեր և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ: Գերմանիան կրկնապատկել է Լեհաստանի սահմանը հսկող «Eurofighter» կործանիչների թիվը: Բացի վերոնշյալից, Լիտվան և Էստոնիան հայտարարել են ՆԱՏՕ- ի առաքելությունների շրջանակներում իրենց ստորաբաժանումների թվաքանակն ավելացնելու մտադրության մասին:

ՄԱԿ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հերքել է առաջադրված մեղադրանքները՝ ընդգծելով, որ ՌԴ- ի կողմից սեպտեմբերի 9- ի, լույս 10- ի գիշերն օգտագործված ԱԹՍ- ներն ունեին թռիչքի մինչև 700 կմ առավելագույն հեռավորություն, ինչը բացառում է դրանց՝ Լեհաստանի տարածք հասնելու հնարավորությունը ռուսաստանի տարածքից կամ հատուկ ռազմական գործողության գոտուց արձակված լինելու դեպքում: Նեբենզյան ասել է նաև, որ ՌԴ ԶՈւ- ն Լեհաստանի վրա հարձակվելու պլաններ չուներ և չունի, և հայտարարել, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու է միայն Ուկրաինային և եվրոպական քաղաքական գործիչներին, որոնք փորձում են խափանել հակամարտության կարգավորումը:

«Լեհ քաղաքական գործիչները չեն կարողացել պատասխանել այդ փաստարկներին՝ փոխարենը վիրավորանքներով հեղեղելով Ռուսաստանը»,- գրել է լեհական «Najwyższy Czas» ամսագիրը։

Այսպես, Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի նախկին ղեկավար Ստանիսլավ Կոզեյը հայտարարել է, որ Ռուսաստանն «իրեն ապուշի տեղ է դրել», իսկ ԱՄՆ- ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Բոգդան Կլիխը Նեբենզյային մեղադրել է ստելու մեջ։ Ընդ որում, ինչպես նշել է պարբերականը, «լեհ քաղաքական գործիչներից ոչ ոք ըստ էության չի մեկնաբանել ռուս մշտական ներկայացուցչի խոսքերը»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ- ի ղեկավարները պարբերաբար մեղադրանքներ են հնչեցնում Ռուսաստանի հասցեին սադրանքների վերաբերյալ՝ առանց համոզիչ ապացույցներ ներկայացնելու: Ավելի վաղ ՌԴ ՊՆ- ից հայտնել էին, որ նույն ժամանակաընթացքում անօդաչուներով հարվածները հասցվել են բացառապես Ուկրաինայի տարածքում տեղակայված թիրախներին: Մոսկվայում ընդգծել են, որ ներկայացված մեղադրանքներն օգտագործվում են տվյալ տարածաշրջանում ՆԱՏՕ- ի զորակազմի ավելացումը հիմնավորելու համար: Եվ ոչ միայն դրա…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 12258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ